National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.09.2020
Մշտական հանձնաժողովում քննարկվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը
1 / 9

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստ, որտեղ քննարկվել են կինոոլորտին առնչվող մի շարք  հարցեր: Քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի տեղեկացմամբ՝ Կոնվենցիայի նպատակն է արդիականացնել 1992 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին Եվրոպական կոնվենցիան (ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2005 թ. ապրիլի 1-ին), ինչպես նաեւ ապահովել իրավական եւ ֆինանսական շրջանակ՝ կողմ հանդիսացող երեք եւ ավելի երկրներում հիմնված կինեմատոգրաֆիական ընկերությունների ներգրավմամբ լիամետրաժ խաղարկային ֆիլմերի համատեղ արտադրության համար: Վերանայված կոնվենցիան կարելի է օգտագործել նաեւ որպես երկկողմ շրջանակ` կողմերի միջեւ համատեղ կինեմատոգրաֆիական արտադրության վերաբերյալ առանձին պայմանագրի բացակայության պարագայում: Նախագիծը վավերացնելու արդյունքում ակնկալվում է տեղական կինոարտադրողների համար իրավական առավել լայն եւ արդիական շրջանակի ապահովում` համատեղ կինոմատոգրաֆիական արտադրության նախագծեր իրականացնելու համար, ինչպես նաեւ  Հայաստանում կինոարտադրության ոլորտի խթանում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ  պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Զեկուցող Աննա Կոստանյանի խոսքով՝ փաթեթը մշակվել  է  մոտ երկու տարի, նշվել է, որ  կինոյի ոլորտը մեր երկրում առայսօր  օրենսդրորեն կարգավորված չէ:

 Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման եւ միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ըստ հեղինակների, անհրաժեշտ է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման ու պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման, ՀՀ Կառավարության, մշակույթի ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եւ կինեմատոգրաֆիայի ոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության հետ կապված հարաբերությունները:

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը մշակելիս հեղինակները քննարկումներ են ունեցել կինոգործիչների հետ, եւ հիմնականում հաշվի են առնվել նրանց առաջարկները:  Քննարկմանը մասնակցող պատգամավորներն անհրաժեշտ են համարել օրենսդրական փաթեթի ընդունումը, ներկայացրել նաեւ առաջարկներ եւ դիտողություններ, որոնց մեծ մասն ընդունելի է  համարվել փաթեթի հեղինակների կողմից:

ՀՀ Կառավարության  բացասական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Նա նշել է, որ Կառավարությունը փաթեթի վերաբերյալ ունի  առարկություններ  եւ վերապահումներ, օրինագծերի որոշ դրույթներ խնդրահարույց են եւ փոփոխման  ու հստակեցման կարիք ունեն: Ըստ փոխնախարարի, օրինակ, անհասկանալի է, թե ինչու կինոոլորտին առաջարկվում է տալ հարկային արտոնություններ, իսկ արվեստի մյուս ճյուղերին՝ ոչ: Նա  հեղինակներին հորդորել է առաջիկայում  խորքային քննարկումներ ունենալ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ ունենալու համար առավել ընդունելի օրենսդրական փաթեթ: Հեղինակները գործընկերներին  հորդորել են գրավոր ներկայացնել իրենց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել լրամշակել փաթեթը՝ հաշվի առնելով նաեւ Կառավարության մտահոգությունները:

Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Մանուկյանն անհրաժեշտ է համարել օրենսդրական փաթեթի ընդունումը՝ նկատի ունենալով ոլորտի ծանր վիճակը: Ըստ նրա՝ նախաձեռնության ընդունումը բարերար ազդեցություն կունենա կինոոլորտի զարգացման  վրա:

Հաջորդիվ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ  քննարկել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նշվել է, որ նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, ինչպես նաեւ կրթության բնագավառում պետական քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակներից: Նախագծի նպատակն է լրացնել օրենսդրական բացերը: Քվեարկության արդյունքում քննարկված նախագծերն  ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դրանք  կընդգրկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ գործընկերներին առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու համար COVID-19 համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում   Կառավարության աջակցությունից դուրս մնացած արվեստագետների հարցը: Պատգամավորի խոսքով՝ հարցը վերաբերում է  ինքնազբաղ արվեստագետներին, որոնք որեւէ տեղ գրանցված չեն:

Մեկ այլ հայտարարություն էլ արել է հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը: Նա հայտնել է, որ  2020թ. սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան www.1in.am-ի շուրջօրյա հեռարձակման կարեւորագույն հարթակներից մեկը՝ Youtube-ը, շուրջ 215 հազար բաժանորդներով, դադարեցրել է հասանելիությունը ընկերության կողմից:

«Ողջ օրվա ընթացքում տեղական եւ միջազգային մասնագիտական շրջանակների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դեռեւս շաբաթներ առաջ անկախ լրատվամիջոցի հեռուստատեսային հարթակի գործունեությունը հիմնավորապես կասեցնելու եւ նրա ձայնը լռեցնելու համար կատարվել է թիրախավորված խմբակային հարձակում, որն իրականացվել է լրատվամիջոցի բովանդակության մեծ մասի հետ անհամաձայն Հայաստանի նախկին իշխանավորների եւ նրանց նորընծա սատելիտների ֆեյքային ֆաբրիկաների կողմից:

Փաստի առթիվ հրավիրում ենք տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, անհատների ուշադրությունը, Հայաստանի իշխանության պատկան մարմինների, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը»:

Նման դեպքերը բացառելու համար պատգամավորը հանձնաժողովականներին  առաջարկել է քննարկումներ անցկացնել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am